Միջին տարիքի տղամարդը դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկա՝ 3-րդ աստիճանի ճարպակալմամբ, մարմնի քաշի ինդեքսը կազմում էր 46կգ/մ 2: Պացիենտը նշում էր, որ ավելի քան 10 տարի ապրում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ, ունի խնդիրներ հենաշարժիչ համակարգի ֆունկցիայի հետ կապված:
Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիայի ժամանակ հայտնաբերվել է ստամոքսի առաջային պատի ուռուցք, որը տեղակայված էր ստամոքսաելքի շրջանում (ծառայության ղեկավար՝ Կարեն Մանուկյան): Կատարվել է նաև համակարգչային շերտագրություն կոնտրաստավորմամբ (ծառայության ղեկավար՝ Լևոն Դավթյան), որը հայտնաբերել է նշված հատվածում հստակ եզրերով ներպատային ուռուցք:
Վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանի կողմից, օգնականներ Ղ.Ս.Սարգսյան, Գ.Գ.Գրիգորյան, անէսթեզիոլոգ՝ Ա.Ս.Ղազարյան, կատարվել է լապարասկոպիա, հաջողվել է իրականացնել ուռուցքի հեռացում, որից հետո կատարվել է ստամոքսի երկայնական մասնահատում: Հետվիրահատական շրջանն անցել է հարթ: Հիվանդը դուրս է գրվել բավարար վիճակում: Գտնվում է վիրահատող բժիշկների և գաստրոէնտերոլոգի հսկողության տակ, 6 ամիսների ընթացքում նիհարել է 25 կգ, ինչը բարենպաստ է ազդել շնչառական և հենաշարժիչ համակարգերի վրա:
Ուռուցքի հյուսվածաբանական հետազոտությամբ հայտնաբերվել է գաստրոինտեստինալ ստրոմալ ուռուցք, հեռացումը լիարժեք էր: Օնկոլոգների խորհրդատվությունից հետո (Օնկոլոգիայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Հարությունյան, բժիշկ Արմեն Ավագյան) բուժառուն ստանում է համապատասխան բուժում:
Սուրեն Ստեփանյանը նշում է, որ այս դեպքը հետաքրքիր է ստամոքսի վրա երկու միջամտությունների լապարասկոպիկ իրականացման հնարավորությամբ, ինչը թույլ է տվել բուժումը կազմակերպել կարճ ժամանակում հյուսվածքների նվազագույն վնասումով:
Հիշեցնենք, որ Վիրաբուժության կլինիկայում կատարվում են ստամոքսի երկայնական մասնահատումներ, որոնք այժմ աշխարհում ամենահաճախ կատարվող բարիատրիկ վիրահատություններն են: Կլինիկայի ղեկավար, պրոֆ. Ս.Ա.Ստեփանյանի և ծառայության վիրաբույժների կողմից կատարվում են նաև սիմուլտանտ միջամտություններ, երբ հիվանդագին ճարպակալման հետ զուգակցված են լինում վիրահատական բուժման ենթակա այլ հիվանդություններ: Հաճախ ստամոքսի երկայնական մասնահատման հետ զուգակցված կատարվում են խոլեցիստէկտոմիա, ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի ռադիկալ վիրահատություն, որովայնի առաջային պատի ճողվածքի ռադիկալ վիրահատություն: Այս տեսակ վիրահատությունները տեխնիկապես ավելի բարդ են, պահանջում են ավելի երկարատև աշխատանք:
.png)